Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Կորուսյալ դրախտ

Կորուսյալ դրախտ
10.04.2012 | 00:00

Հոդվածաշարը նվիրվում է Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին` մեր կորցրած հայրենիքը, մեր ժողովրդի հոգևոր և նյութական հարստությունը հետ բերելու ուղիները չանտեսելու և հայրենիք վերադառնալու բոլորիս երազն իրականություն դարձնելու հաստատ համոզմամբ։ ՈՒղիները շատ են, ճանապարհը` մեկը։

Վերջերս ընկերներիցս մեկը, գիտենալով, որ արմատներով կարնեցի եմ, մի քանի օրով ինձ մոտ թողեց 1957 թ. Բեյրութում լույս տեսած «Յուշամատյան Բարձր Հայքի. Կարինապատում» գիրքը, որի հեղինակն է Ղազար Չարըգը` ծնունդով Կարին քաղաքից։ 1915-ի տեղահանությունից և կոտորածներից հրաշքով փրկված երիտասարդ է եղել նա, որ տարագրության մեջ երկար տարիներ ապրել է հարազատ քաղաքի հուշերով։ Երբ մարդն իր հուշերը պահում է միայն իր հոգում ու մտքում, հոգեցունց տառապանքները հանգիստ չեն տալիս նրան։ Եվ նա, հուշերի ծովում մերթ հանդարտ լողալով, մերթ փոթորկուն ալիքների դեմ կռիվ տալով, փորձում է իր հոգու խռովքին և հուշերի պարգևած երազային երջանկությանը մասնակից ու բախտակից դարձնել իր ազգակիցներին, մտերիմներին ու բարեկամներին, որպեսզի նրանց հոգում և մտքում էլ կենդանի պահի հարազատ բնօրրանի հուշը. չէ՞ որ, քանի դեռ հիշում ես կորցրած քաղաքդ ու գյուղդ, դրանք շեն են մնում քո հուշերի աշխարհում, տանդ երդիկից թոնրի հացաբույր ծուխն է ելնում, արտդ ու անդաստանդ էլ ծփում են ցորենի ու բազմերանգ ծաղիկների անուշ նազանքով։

«Կորուսյալ դրախտ» հոդվածաշարն ուզում եմ համալրել Կարին քաղաքին նվիրված շարքով։ Քանի որ նյութը չափազանց ծավալուն է և մեկ-երկու հոդվածով դժվար է սպառել, ուստի այն կներկայացնենք հետևյալ սկզբունքով` պատմական ակնարկ, աշխարհագրական դիրք, բնություն և բնական հարստություն, ժողովրդագրություն, կրթություն, առևտուր և վաճառականություն (ներմուծում և արտահանում), գյուղատնտեսություն, արհեստներ, կենցաղ, պատմամշակութային հուշարձաններ սրբավայրեր, քաղաքական գործունեություն և այլն։

Մենք քիչ բան գիտենք մեր պապերի ծննդավայրի մասին, որը միայն մեր ժողովրդի մի հատվածի և մեկ սերնդի բնօրրանը չէ, այլ մեր ամբողջ ժողովրդի հայրենիքի մի մասն է, որի հետ բոլորս, անկախ մեր ու մեր պապերի ծննդավայրը լինելուց, կապված ենք հոգևոր և ոգեղեն կապերով։ Հազարամյակով նույն հողի վրա ապրող ժողովրդի կենսահոգեբանական կշռույթը (ռիթմը) համահունչ է իր երկրի հողի ու ջրի, օդի ու արևի, դաշտերի ու անտառների, հովիտների ու լեռների կենսաբանական կշռույթին։ Իզուր չէ, որ ժողովուրդն ասում է` «Մի հող ու ջրի մարդիկ ենք»։ Եվ այդ հողն ու ջուրը նույն ազգի մարդկանց միջև ստեղծում է հարազատության զգացում։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է հիշել, թե ինչպես որևէ օտար քաղաքում, երբ տեսել է մի հայի, հարազատության զգացում ունեցել և անպայման մոտեցել է ու հարցրել` հա՞յ ես։

Ահա այդ հող ու ջրի կանչն ուղեկցել է հազարավոր հայերի, ովքեր բռնի տեղահանվել են հարազատ բնօրրանից և օտար երկրներում հոգեմաշ են եղել Երկրի ու հայրական տան կարոտից։

«Յուշամատյան Բարձր Հայքի. Կարինապատում» գրքի հեղինակը փորձել է ի մի բերել աշխարհասփյուռ կարնեցիների հուշերը և դրանով ասես հայաշունչ է պահել հարազատ քաղաքն իրենց հուշերում և հոգում։

«Այս մատյանի նպատակը պիտի ըլլար հայությունը և իր սերունդները տեղյակ պահել մեր նախորդ սերունդներու առաքինություններուն,- գրում է գրքի հեղինակը։- Այս կերպով պիտի պայքարեր մոռացումի և ուծացման (այլոց մեջ ձուլման) դեմ, որոնք ավերներ կգործեն նոր սերունդներու մեջ` ի վնաս մեր հավաքական գոյության և իդեալներուն։

Մեր սերունդները պիտի գիտակցին, թե մեր ժողովրդի կրած տառապանքներու և սարսափներու մեծության չափ մեծ են անոր իմացական և հոգեկան կարողությունները, անսահման է իր դիմադրական ուժը, անընկճելի է իր մեջ ազատության և անկախության ոգին, որոնցմով պայմանավորած է ան իր գոյության հավիտենականությունը»։

Ահա այս է հուշամատյանի գերագույն նպատակը` հիշել և չմոռանալ։ Հիշողությունը կորցրած մարդը չի կարող հասարակության լիարժեք անդամը լինել։ Հիշողությունը մարդուն տրված է իր իմացածը, գիտցածը հիշելու, մտքում և հոգում պահելու համար։ ՈՒրեմն, մարդը նաև պետք է ինչ-որ բան իմանա, որ հետո այն հիշի։

Այս գիրքը հենց այդ նպատակն է իր առաջ դրել. ընթերցողին տալ գիտելիք և իմացություն, ապա հորդորել, որ նա այդ իմացածը հիշի։

Եվ այսպես, Կարինի պատմությունը, աշխարհագրական դիրքը, բնությունը։

Կարնո նահանգը կամ Բարձր Հայքը Մեծ Հայքի առաջին նահանգն է, որ արևելքից սահմանակից է Այրարատ նահանգին, հարավից` Չորրորդ Հայքին, արևմուտքից` Փոքր Հայքին, և հյուսիս-արևելքից` Տայոց աշխարհին` Տայքին։

Կարինը կամ Էրզրումը Բարձր Հայքի կենտրոնն է։ Հին աշխարհագիրները Բարձր Հայքի նահանգը բնորոշել են նաև որպես «Կուրծք երկրի»` նկատի ունենալով, որ չորս կողմից գետեր են հոսում, ոռոգում ու սնում Երկիրը. այդ գետերն են Ճորոխը, Երասխը (Արաքս), Գայլը` Եփրատի վտակը, և Եփրատը` մայր գետը, որը Կարնո դաշտով հոսում է հանդարտ ու հանդիսավոր` արևելքից արևմուտք։ Եփրատի ակունքը Խաչափայտ լեռան անմահական ջուրն է և շրջապատի մեծ ու փոքր բազմաթիվ վտակները, որոնք միանալով ձևավորում են հայոց մայր գետերից մեկը` Եփրատը։

Կարինն իր շրջապատով` Բարձր Հայքով, եղել է Հայաստանի միջնաբերդը և պաշտպանության հզոր կռվանը։ Կարինը շրջապատված է մի քանի լեռնագագաթներով` Բյուրակն, ՈՒղտավիզ, Ծաղկանց և Գոհանամք։ Ըստ հայկական առասպելի, երբ Նոյի տապանը լողում էր ջրի վրայով, հանկարծ քսվում է մի լեռան գագաթին, և Նոյը հասկանում է, որ ջրերը նվազել են, և շուտով ցամաք կլինի, ու իր գոհունակությունն է հայտնում Աստծուն։ Լեռն այդ օրվանից կոչվում է «Գոհանամք»։

Գոհանամք մենք էլ, որ մարդկության փրկությունն Աստծո ողորմածությամբ Հայոց ավետյաց հողը դարձավ։

Էրզրում կամ Արզրում անվանումը քաղաքը ստացել է 1049-ին, երբ թուրք-սելջուկների ավերած Արծն հայկական քաղաքի բնակիչները գաղթում են Կարին և, ի հիշատակ իրենց ավերված քաղաքի, արծնցիներն իրենց բնակավայրն անվանում են Արծն Ռում, այսինքն` Արծն Հռոմում, քանի որ Կարինն իր շրջապատով եղել է հռոմեական կայսրության գերիշխանության տակ։

Արծնը 11-րդ դարում եղել է վաճառաշահ քաղաք և աչքի է ընկել իր հարստությամբ ու շքեղությամբ։ Ժամանակակից պատմիչ Արիստակես Լաստիվերցին այսպես է բնութագրել Արծնը. «Արծն քաղաքը ծանոթ էր շատ երկրների, ծով ու ցամաք էր կապում և ինքն էլ առատանում էր։ Նա նման էր նորահարս մի կնոջ, որ իր վայելուչ գեղեցկությամբ և պայծառ զարդերով ցանկալի էր բոլորին»։

Ամենայն հավանականությամբ, հարստությունն ու ճոխությունն են գրգռում թուրք-սելջուկների բարբարոս ախորժակը, և նրանք թալանում ու ավերում են քաղաքը, իսկ բնակիչները գաղթում, հեռանում են իրենց բնօրրանից։

Այս փաստը ևս խորհելու առիթ է տալիս մեզ. անթիվ-անհամար հարստություն կուտակած և ճոխության ու շռայլության մեջ ապրող արծնցիները, երևի թե, նախ բավարար զինված պիտի լինեին, որ կարողանային գոնե իրենց կյանքն ու ունեցվածքը պաշտպանել։ Իսկ եթե դիտարկենք քաղաքական տեսանկյունից, ապա ինչպե՞ս կարող է քաղաքացին, երկրի բնակիչը հարստություն դիզել և ճոխության մեջ ապրել, երբ հայրենիքը կորցրել էր ի պետականությունը, և երկիրը դարձել է օտար բարբարոսների ոտքի կոխան և թալանի աղբյուր։

Ցավոք, պատմությունն անընդհատ կրկնվում է, և մենք դասեր չենք քաղում այսօր էլ։

Եվ այսպես, Արծն Ռումը հետագայում հնչյունափոխվում և դառնում է Արզրում-Էրզրում։ Բայց չի մոռացվում նաև պատմական Կարին անունը` որպես համանուն նահանգի պատմական անվանում։

Կարին կամ Էրզրում քաղաքը ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա է։ Կլիման չոր է և ցուրտ, տևական, մոտ 6 ամիս խիստ ձմեռ է լինում, իսկ ամառը զով է։ Կարինը, շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, ռազմավարական և առևտրական մեծ կարևորություն է ունեցել, այդ պատճառով էլ դարերով կռվախնձոր է եղել հույների ու պարսիկների, արաբների ու պարսիկների, թուրքերի ու պարսիկների, ռուսների ու թուրքերի միջև։

Հայաստան աշխարհի այս մեկ քաղաքն անգամ աշխարհաքաղաքական մեծ կարևորություն է ունեցել և՛ մեր հարևանների, և՛ մեր երկիրը զավթողների համար։ Իսկ մենք` անհատապես հարստանալով, քաղաքի և ընդհանրապես ողջ Հայքի ռազմավարական կարևոր դիրք ունենալու աստվածատուր շնորհը անտեսել ենք և թույլ ենք տվել, որ երկիրն ու քաղաքները ձեռքից ձեռք անցնեն և ծառայեն զավթողների ռազմավարական և տնտեսական հաջողություններին։ Զարմանալի է։ Հետաքրքիր է` ինչպե՞ս կմեկնաբանեն օտարները մեր պատմության այս դրվագները կամ իրենք դարերով նույն սխալը կգործեի՞ն արդյոք և դաս չէի՞ն քաղի այդ սխալներից։

Ինչպես վերն ասվեց` Կարնո նահանգը լեռնաշատ է և այդ պատճառով էլ կոչվել է Բարձր Հայք։ Ցավոք, դարձյալ մեր թողտվությամբ և օտար զավթիչի հեռահար նպատակներով պայմանավորված` աշխարհագրական անվանումների մեծ մասը կա՛մ թրքացված է, կա՛մ աղավաղված։ Անգամ մեր հանրագիտարանում բերվում են վերջին 500 տարում եղծված օտարածին անվանումները։ Կան լեռան որևէ արտաքին նմանությամբ անվանումներ, որոնք ես պարզապես կհայացնեմ, քանի որ դրանց մի մասի հայերեն տարբերակները կարծես մոռացվել են, և ապա, հայ մարդն էլ կարող էր այդպես անվանել։

ՈՒՂՏԱՎԻԶ լեռը Կարին քաղաքից մոտ 5 կմ հեռու է` Գոհանամք լեռանը կից։ Լեռան արևելյան կողմը երկարում է և նմանվում ուղտի վզի։ Հունաց զորավար Քսենոփոնը մ.թ. 400 տարի առաջ պարսիկներից կրած պարտությունից հետո անցել է այս լեռների մոտով` դեպի Պոնտոս և Տրապիզոն գնալիս։

Մոտ երկու հարյուր տարի առաջ լեռնապարն իր ստորոտներով թատերաբեմ է եղել ռուս-թուրքական արյունալի ճակատամարտերի։

ԱՅԾՊՏԿՈՒՆՔ լեռնաշղթան իր լանջերին և ձորերում ունի ջրառատ աղբյուրներ, որոնց մի մասը մտնում է քաղաք` ապահովելով այն ջրով, իսկ մյուս մասը, գեղատեսիլ մի ձորում միախառնվելով, դառնում է ջրառատ մի գետակ, որի վրա 40 ջրաղաց է եղել կառուցված։ Ձորն իր կանաչազարդ բնությամբ և մաքուր օդով քաղաքացիների համար ծառայել է որպես ժամանցի և հանգստի վայր։

ԽԱՉԱՓԱՅՏԻ լեռներ։ Ըստ ավանդության` հունաց Հերակլես կայսրը պարսիկներից խլում է առևանգված Քրիստոսի խաչափայտի մասունքները և տունդարձին անցնում է Կարինի մոտով։ Հետապնդող պարսիկներին դիմագրավելուց առաջ սուրբ մասունքները թաքցնում է լեռան կատարին։ Հաղթանակով վերադարձած կայսրը հողի տակից հանում է խաչափայտի մասունքները, և, ո՜վ զարմանք, մասունքների տեղում մի սառնորակ ու վճիտ աղբյուր է բխում։ Հենց այս աղբյուրն էլ դառնում է ուխտատեղի։ Այս ջուրն իր բնական սառնությամբ +3,5 աստիճան է և աշխարհում համարվում է հազվագյուտ սառը ջրերից մեկը։ Ամեն տարի Վարդավառի երկրորդ կիրակին հեռու և մոտ շրջաններից եկած ուխտավորները գիշերը բարձրանում էին Խաչափայտի գագաթը և արևածագին երկյուղածությամբ ու աղոթքով դիմավորում էին Լույսն Աստծո և այդ Լույսի մեկ հյուլեն դարձած շողշողուն լիճը։

ՍՈՒՐԲ ՆՇԱՆ լեռը` կանաչազարդ ու գեղատեսիլ, կատարին ունի մի ուխտավայր` մեկուսի մի գերեզման, որին ուխտի էին գնում ոչ միայն հայերն ու հույները, այլև թուրքերը։ Սրանք, հավանաբար, բռնի թրքացած հայեր են եղել, ովքեր իրենց հավաքական հիշողության մեջ պահել են հայկական ծագումը։

Ըստ ավանդության` հայոց Ներսես Մեծ կաթողիկոսը Կեսարիայից վերադառնալիս անցնում է այս վայրերով և Կարին քաղաքի մոտ մի խաչքար է կանգնեցնում` որպես պահապան քաղաքի։ Ավա՜ղ... Այդ խաչքարը չկարողացավ պաշտպանել քաղաքը բարբարոսներից։

Բարձր Հայքի և, մասնավորապես, Կարինի և նրա շրջակա լեռների վրա երբևէ արշալույսը դիմավորած հայ մարդու առջև բացվում է բնության մի հրաշալիք. մաքուր և առողջարար օդը, անապակ ջուրը, երփներանգ, բուրավետ ծաղիկները, հեռու և մոտ դաշտերն ու այգիները հայ մարդուն դարձնում էին իր երկրի ու բնության հարազատ զավակն ու հոգատար տերը։

Բյուրակնի լեռները քաղցրահամ, սառնորակ և առողջարար ջրի բնական շտեմարան են եղել։ Հատուկ կառուցված առուներով և խողովակներով այս կենսատու ջուրը հասցվել է Կարին, և քաղաքի բոլոր փողոցներում, հարյուրավոր տներում հազարաղբյուր լեռան ջրերի խոխոջն ու մրմունջն է լսվել։ Այդ մրմունջն ամեն մի կարնեցի լսել է ամեն օր և հաղորդակից է եղել իր հայրենի լեռների ու ջրերի սուրբ խորհրդին։ Այդ խորհուրդն ապրում է նաև այսօր, բոլոր տարագիր արծնռումցիների հոգում և հիշողության մեջ։ Եվ երբ թեկուզ մի հայ այցելում է իր պապերի օրրան, հողի ու ջրի հիշողությանը միանում է նաև նրա հոգու հիշողությունը, և այստեղ ծնվում է տունդարձի ճանապարհի խորհուրդը։ Իսկ տունդարձի ճանապարհը, որքան էլ երկար ու խոտոր լինի, չի հոգնեցնում։

Բարով գնանք տուն...

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ. Գ. -«Կարինապատում» գիրքն արմատներով կարնեցի, Բեյրութում ծնված, կրթված, ազգային գործիչ Հովսեփ Մարգարյանինն է։ Նա, մոտ 10 տարի է, ընտանիքով ապրում է Հայաստանում և իր աշխատանքով ու գործարարությամբ ձգտում է օգտակար լինելու հայրենիքին։

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ